
- 9 Նոյեմբերի 2019
- admin
- 0 Comments
- eventsarm
Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի Պաշտոնական Այցը Հայաստան (Նոյեմբեր 9-10, 2019թ․)
2019թ․-ի, նոյեմբերի 9-10-ը, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական հրավերով, Արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերը այցելեց Հայաստան։
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը, նույն բաժնի պաշտոնատար անձի՝ պարոն Վիսվալդաս Կուլբոկասի, ուղեկցությամբ ժամանեցին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Հյուրերին դիմավորեցին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները․ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչություն պետ՝ պարոն Տիգրան Սամվելյանը, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան՝ պարոն Կարեն Նազարյանը, և պետական արարողակարգի ծառայության պաշտոնյա՝ պարոն Հարություն Վարդանյանը: Ներկա էին նաև Առաքելական Նվիրակը՝ Արհիապատիվ Ջոզե Բետենկուրը, և Առաքելական Նվիրակության խորհրդական Գերապայծառ Ջուզեպպե Լատեռցան:
Նույն առավոտյան Գերաշնորհ Գալագերին ընդունեց վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը, ում ուղեկցում էին արտաքին գործերի նախարարը և ՀՀ կառավարության այլ պաշտոնյաներ:
Բարեկամական զրույցի ընթացքում, երկուստեք գոհունակություն հայտնեցին երկկողմ լավ հարաբերությունների մասին, քննարկեցին դրանց հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում կաթողիկե եկեղեցու գործունեությանը վերաբերվող տարբեր այլ հարցեր:
ՀՀ Կառավարության ղեկավարը մասնավորապես խնդրեց իր բարձր գնահատանքը փոխանցել Սրբազան Պապ Ֆրանցիսկոսին՝ Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, և եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած Առաքելական այցի համար:
Այնուհետև, պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը այցելեց հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր՝ աղոթելով և ծաղկեպսակ դնելով հարգանքի տուրք մատուծեց զոհերի հիշատակին։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար պարոն Ավետ Ադոնցը, այս պաշտոնական այցելության կազմակերպմանը մեծ աջակցություն է ցուցաբերել։ Ներկա էր նաև Արքեպիսկոպոս Ռաֆաել Մինասյանը՝ Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդը։
Հուշահամալրին կից թանգարանում տնօրենի տեղակալը Արքեպիսկոպոս Գալագերին ներկայացրեց հայոց կոտորածի պատմական և քաղաքական ենթատեքստը, ինչպես նաև առանձնահատուկ նշանակություն ունեցող փաստագրական այլ բացահայտումները:
Այցելության ավարտին, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում, նշելով որ իր աղոթքների մեջ կպահի այս դաժան ողբերգության զոհերին, և հույս հայտնեց, որ ողորմած Աստծու շնորհով, մարդկային հարաբերությունները կվերականգնվեն՝ ներշնչված արդարությամբ և փոխադարձ հարգանքով։
Կեսօրին, Արքեպիսկոպոս Գալագերը աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար՝ պարոն Զոհրաբ Մնացականյանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները, բացի երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցերից, արծարծեցին միջազագային և տարածաշրջանային այլ թեմաներ:
Հանդիպման ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարարը և Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ:
Այնուհետև, պարոն Մնացականյանի անունից, ի պատիվ Արքեպիսկոպոս Գալագերի և Սուրբ Աթոռի պատվիրակությանը, տրվել է պաշտոնական ճաշ։
Օրվա առաջին կեսին, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հյուրընկալվեց ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանին։
Հանդիպման ընթացքում Հայաստանի Պետության ղեկավարը շնորհակալություն հայտնեց հյուրին այցի համար, որը խորհրդանշում է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի Հայաստանի նկատմամբ ուշադրությանը։ Զրույցի ընթացքում, երկրին վերաբերվող տարբեր կարևոր հարցեր քննարկելուց բացի, կողմերը ամփոփեցին երկկողմ համագործակցությունների հնարավորությունները:
Այնուհետև, Արհիապատիվ Գալագերը կատարեց քաղաքավարության այց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Հանդիպման ընթացքում Կաթողիկոսին ուղեկցում էին Արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը՝ Հայ Առաքելական եկեղեցու արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ, ինչպես նաև Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ջերմ ողջույնները, որին Կաթողիկոսը պատասխանեց գնահատանքի և երախտագիտության խոսքերով:
Հանդիպման ընթացքում զրույց ծավալվեց կաթողիկե և հայ առաքելական եկեղեցիների միջև երկխոսության և համագործակցության վերաբերող տարբեր հարցերի շուրջ՝ գոհունակությամբ անդրադաձ կատարելով առկա եղբայրական հարաբերություններին:
Նոյեմբերի 9-ի երեկոյան, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը այցելեց Գերապայծառ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի նստավայրը՝ Արևելեան Եվրոպայի Հայ Կաթողիկեների առաջնորդարանը Երեւանում, որտեղ հանդիպեց Սրբոց Հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանի և Մխիթարյան Միաբանության ճեմարանի սաներին։
Հանդիպումը սկսվեց ճեմարանի մատուռում մատուցված Սուրբ Պատարագով և շարունակվեց միասնական ընթրիքով:
Նոյեմբերի 10-ի առավոտյան Արհիապատիվ Փոլ Գալագերը մեկնեց Գյումրի տեղի հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Պատարագ մատուցելու: Հայկական ծեսով Սուրբ Պատարագը նախագահում էր Արհիապատիվ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:
Պատարագի ընթացքում, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը քարոզ խոսեց՝ որում նաև փոխանցեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ողջույնը Հայաստանի կաթողիկեներին: Ավելին՝ ներշնչվելով կիրակնօրյա պատարագայի ընթերցվածից, նա քաջալերեց հավատացյալներին առօրյա կյանքի մարտահրավերներին դիմակայել քաջությամբ և Տիրոջ հանդեպ վստահությամբ, և ուրիշներին էլ վկայել Ավետարանի ուրախության մասին:
Նույն օրվա կեսօրին, Արհիապատիվ Գալագեր Արքեպիսկոպոսը ավարտեց իր այցը Հայաստան՝ վերադառնալով Հռոմ: