- 3 Հունվարի 2023
- admin
- 0 Comments
- Senza categoria
Պենետիկտոս ԺԶ ՝ Ճշմարտութեան գործակից. ՀՀ մօտ առաքելական նուիրակ` Գերապայծառ Պեթանքուրի վկայութիւնը
Շատ մօտիկից ծառայած լինելով Հռոմի Պապ Պենետիկտոսին մինչև իր հրաժարականը, և այցելելով նրան, երբ առիթն էի ունենում Հռոմ այցելելու, կարող եմ ճշմարտապէս վկայել, որ նա իսկապէս «ազնուականներուն ազնուականն» էր. Գերապայծառ Պեթանքուր
Նա գիտակցում էր մարդկային թերութիւններն ու հակասութիւնները, բայց միշտ ուսուցանեց վստահութիւնը, որ Եկեղեցին Քրիստոսի խորհրդական Մարմինն է, և որպէս այդպիսին՝ բոլոր ժամանակների ներշնչման հիմնական աղբիւրը:
Նրա վարդապետութեան մէջ յաճախ ուսուցանւում էր, որ Հաւատքը կարիքն ունի Բանականութեան, որպէսզի չվերածուի կրօնամոլութեան կամ ատելութեան պանծացումի, և որ Բանականութիւնն էլ առանց Հաւատքի լոյսի՝ հեշտութեամբ դառնում է անմարդկայնութեան գործիք և մահուան մշակոյթի գլխաւոր հիմքը, ինչպէս Սբ. Յովհաննէս Պօղոս Երկրորդն ընդգծել է։
Բազմաթիւ առումներով նա պենետիկտեան վանական և գիտնական էր: Թերևս դա է պատճառը, որից մղուած՝ նա հովանաւորեց Վատիկանեան Երկրորդ Ժողովի կողմից խրախուսուած ծիսական հարստագոյն բարեփոխման կիրառումը, և նրա քարոզներից, ելոյթներից ու վարած համաժողովներից ցայտում է մի իմաստութիւն, որ յատուկ է Եկեղեցու ճշմարիտ Հօրը:
Նրա մտքի կողմնացոյցը Սուրբ Օգոստինոսն ու Սուրբ Պոնավենթուրան էին, ինչը նրան դարձրեց Անվկանդութեան շարունակականութեան աստուածաբան:
Նա մերժեց ընդհատումներն ու խզումները այն տարբեր այժմէացումների միջև, որոնք իւրաքանչիւր Ժողով բերում է իր հետ:
Ռացինկերն, իր նախորդների նման, շատ ուշադիր էր Եկեղեցու Վարդապետութիւնից շեղումների նկատմամբ: Նա հիմնադիրը եղաւ «Communio» («Հաղորդութիւն») ամսագրի, որը հեղինակաւոր համագործակցութիւն էր Հանս Ուրս ֆոն Պալթասարի և էնրի դը Լյուբաքի միջև՝ հենց այն նպատակով, որ տարածի ժողովական գրութիւնները, այնպէս՝ ինչպէս դրանք մտածուել և մեկնաբանուել էին Վատիկանեան Երկրորդ Ժողովի հայրերի կողմից:
Իմացական բացարձակ լրջութեամբ, աւելի քան 65 հրատարակուած գրքերով և բազմաթիւ յօդուածներով, նա անխոնջ էր Աւետարանի մաքրութիւնն ուսուցանելու գործում՝ այնպիսի բարդ ժամանակներում, երբ աստուածաբանութիւնը, յաճախ սոսկ իտէալիզմից և երբեմն անգամ արդարացի նպատակներից ելնելով, զոհաբերւում էր զինուած խմբաւորումների դրօշին, կամ պատանդ էր դարձւում հեթանոսացնող գաղափարախօսութիւններին կամ հաւատամերժողներին։
Գիտակցելով, որ չկայ իսկական ազատութիւն առանց փաստագրուած գիտելիքների և առանց Աստծոյ հանդէպ Հաւատքի՝ դրանք լուսաւորելու համար, նրա վարդապետութիւնն օգնեց Եկեղեցուն կտրել անցնելու անգիտութեան իրական թաւ անտառների միջով և բացելու ընդարձակ բացատներ՝ անգամ ոչ-հաւատացեալների համար:
Նա պաշտօնաթող Պապն էր։ Նրա համար պապական իշխանութիւնը հիմնականում ծառայութիւն էր: Քրիստոնեան գիտի, թէ ինչպէս կարելի է հրաժարուել իշխանութիւնից՝ չսպասելով, որ մահը դա պահանջի: Դա ավանգարդային և ստեղծագործ հրաժարական էր, հաշուի առնելով, որ նա առաջինն էր, ով ստանձնեց «Վաստակաւոր Պապ» տիտղոսը՝ ապա-առասպելականացնելով հիմնարկը և այդպիսով բացելով – այս աննախադէպ արարքով – այդ նոյն ազատութեան գործադրումն իր յաջորդների համար:
Եղբայրական խորը մտերմութիւնը Ռացինկերին միաւորեց Հռոմի Պապ Ֆրանչիսկոսի հետ, ով նրան կարօտով ու երախտագիտութեամբ յիշեց՝ նրա մարդկային մեծագոյն արժանապատուութեան ու ազնւութեան համար, «Te Deum»-ի («զՔեզ Աստուած») տարեվերջի գոհաբանական արարողութեան ժամանակ, հենց Ռացինկերի մահուան օրը և Սուրբ Պետրոսի տաճարում Ամանորեայ Երեկոյեան Ժամերգութեան ընթացքում:
Առաջիկայ տասնամեակները մեզ հնարաւորութիւն կընձեռեն վերաբացահայտելու այս էապէս նրբանկատ մարդու մեծութիւնը, ով միաւորեց փայլուն միտքը Սրբերի Հաւատքի հետ:
Շատ մօտիկից ծառայած լինելով Հռոմի Պապ Պենետիկտոսին մինչև իր հրաժարականը, և այցելելով նրան, երբ առիթն էի ունենում Հռոմ այցելելու, կարող եմ ճշմարտապէս վկայել, որ նա իսկապէս «ջենթլմենների ջենթլմենն» էր:
Նա չէր վախենում մարմնական մահից, որովհետև իր հայեացքը հաստատակամօրէն սևեռել էր յաւիտենական կեանքի վրայ: Թող որ նա խաղաղութեամբ հանգչի յաւերժութեան մէջ։
********
«Շատ շուտով կկանգնեմ կեանքիս վերջին Դատաւորի առաջ: Թէև յետադարձ հայեացք գցելով իմ երկար կեանքի վրայ՝ կարող եմ սարսափի ու վախի բազմաթիւ պատճառներ ունենալ, այդուհանդերձ՝ ես ուրախ եմ հոգով, որովհետև անդրդուելիօրէն վստահ եմ, որ Տէրը միայն արդար դատաւոր չէ, այլ միևնոյն ժամանակ՝ ընկեր ու եղբայր, Ով Ինքն էլ արդեն կրել է իմ կարիքները, և հետևաբար՝ իբրև դատաւոր, Նա միաժամանակ իմ դատապաշտպանն է (Մխիթարիչը, Աջակիցը):
Դատաստանի ժամուայ հեռանկարով, ինձ այնքա՜ն յստակ է դառնում քրիստոնեայ լինելու շնորհը: Քրիստոնեայ լինելն ինձ ընծայում է ծանօթութիւնը, աւելին՝ ընկերութիւնը կեանքիս դատաւորի հետ, և ինձ հնարաւորութիւն է ընձեռում վստահութեամբ անցնելու մահուան մութ դռան միջով։
Այս առումով շարունակ վերադառնում է մտքիս այն, ինչ Յովհաննէս Առաքեալը պատմում է Յայտնութիւն գրքի սկզբում. նա տեսնում է Մարդու Որդուն Իր ողջ փառքով և մեռածի նման ընկնում է Նրա ոտքերի առաջ։ Բայց Նա, Իր Աջը նրա վրայ դնելով, ասում է. “Մի՛ վախեցիր։ Ես եմ … ” (հմմտ. Յայտ 1, 12-17):
Թանկագին ընկերներ, այս զգացումներով օրհնում եմ ձեզ բոլորիդ »:
Ն.Ս. Պենետիկտոս Տասնվեցերորդ Պապ