- 13 Սեպտեմբերի 2023
- admin
- 0 Comments
- Senza categoria
ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿԱՐԴԻՆԱԼ ՊԻԵՏՐՈ ՊԱՐՈԼԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ (2023 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 11-13)
2023 թվականի հուլիսի 11-13-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետ մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի հրավերով, տեղի ունեցավ Նորին Վսեմություն Սուրբ Աթոռի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի պաշտոնական այցը Հայաստան։ Հուլիսի 11-ի երեկոյան Պետքարտուղար կարդինալը օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների բաժնի պաշտոնյա՝ մոնսինյոր Պավել Մարչին Օբյեձինսկիի ուղեկցությամբ Սադախլու-Բագրատաշեն անցակետից հատեց Հայաստանի ու Վրաստանի սահմանը։ Հյուրին ընդառաջ դիմավորելու էին եկել Հայաստանի Կառավարությունը ներկայացնող Արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ Ն․Գ․ պարոն Պարույր Հովհաննիսյանը, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Ն․Գ․ պարոն Կարեն Նազարյանը և Պետական դիվանագիտական ծառայության պաշտոնյա՝ Ն․Գ․ պարոն Հարություն Վարդանյանը։ Ներկա էին նաև Առաքելական նվիրակ Ն․Գ․ մոնսինյոր Ժոզե Ա․ Բետանկուրը և Առաքելական Նվիրակության խորհրդական մոնսինյոր Ալիակսանդր Ռահինիան։
Հուլիսի 12-ի առավոտյան Առաքելական Նվիրակությունում Կարդինալ Պարոլինը գլխավորեց Սուրբ Պատարագի համատեղ ծիսակատարությունը, որի ավարտին օրհնեց Առաքելական Նվիրակության մատուռին Ֆաթիմայի սրբավայրի նվերը՝ Ֆաթիմայի Տիրամոր արձանը։ Այդ օրն առավոտյան կարդինալ Պարոլինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հիշատակության նպատակով մի պահ ամփոփվեց աղոթքի համար, ապա ծաղկեպսակ դրեց: Վերոնշյալ պաշտոնական արարողությանը Հայաստանի կառավարության կողմից մասնակցում էր արտաքին գործերի փոխնախարար Ն․Գ․ պարոն Պարույր Հովհաննիսյանը։ Հուշահամալիրի թանգարանում կարդինալ Պարոլինին ներկայացվեց Հայոց ջարդերի պատմական և քաղաքական համատեքստը, կանգ առնելով առանձնահատուկ կարևորության վավերագրերի, մասնավորապես Բենեդիկտոս ԺԵ Պապին վերաբերող փաստաթղթերի վրա։ Այցի ավարտին Սուրբ Աթոռի Պետքարտուղար կարդինալը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, հավաստիացնելով իր աղոթքներում հիշելու ահեղ ողբերգության զոհերին, հուսալով, որ ողորմած Աստծո շնորհով մարդկային հարաբերությունները կվերականգնվեն և կոգեշնչվեն արդարությամբ և փոխադարձ հարգանքով։
Կարդինալ Պարոլինին ընդունեց ՀՀ նախագահ՝ Ն․Գ․ Վահագն Խաչատուրյանը։ Զրույցի ընթացքում ՀՀ պետության գլուխը շնորհակալություն հայտնեց հյուրին այցելության համար՝ ի նշան Հայաստանի հանդեպ Ֆրանցիսկոս Պապի ուշադրության։ Ներկայացվեցին երկրի կյանքում ուշագրավ իրողությունները, անդրադարձ կատարվեց նաև երկկողմ համագործակցության որոշակի հարցերի։
Կարդինալ Պարոլինին ընդունեց ՀՀ վարչապետ Ն․Գ․ Նիկոլ Փաշինյանը, ներկա էին արտաքին գործերի նախարարի տեղակալը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ջերմ զրույցի ընթացքում երկու կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին երկկողմ բարեկամական հարաբերությունների համար, որոնք անցյալ տարի նշանավորվեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով (1992-2022)։ Քննարկվեցին հետագա զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցեր, Ադրբեջանում պահվող հայերի հարցը, մարդասիրական և հայկական մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև Հայաստանում Կաթոլիկ Եկեղեցու կյանքին առնչվող զանազան կողմեր։ ՀՀ Կառավարության ղեկավարը մասնավորապես խնդրեց Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին փոխանցել, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ ուշադրությունը և կրկին երախտագիտությունը հայտնեց 2016 թվականի հունիսի Հովվապետական այցի համար, որին հաջորդեց Քահանայապետական ներկայացուցչության բացումը Երևանում։
Հինգշաբթի՝ հուլիսի 13-ի առավոտյան, Կարդինալ Պարոլինը մեկնեց Գյումրի՝ տեղի հայ կաթոլիկ համայնքի համար Սուրբ Պատարագի ծիսակատարության։ Սուրբ Պատարագը հայ ծեսով մատուցեց Հայր Միքայել Բասալեն Զ․Պ․Կ․Մ․՝ Թեմի առաքելական կառավարիչը։ Պատարագի ընթացքում Սուրբ Աթոռի Պետքարտուղարը հանդես եկավ քարոզով, որի ժամանակ Հայաստանի կաթոլիկներին փոխանցեց Ֆրանցիսկոս Պապի ողջույնները։ Բացի այդ ներշնչված օրվա ընթերցվածներով, քաջալերեց հավատացյալներին՝ խիզախությամբ և Տիրոջ հանդեպ վստահությամբ դիմակայել առօրյա կյանքի մարտահրավերներին և վկայել ուրիշներին Ավետարանի ուրախության մասին։ Ծիսակատարության ավարտին Կարդինալ Պարոլինը հանդիպեց տեղահանվածների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված զինծառայողների և զոհերի ընտանիքների հետ։ Այնուհետև Կարդինալ Պարոլինը հանդիպեց Հայաստանում իրենց հովվական առաքելությունն իրականացնող վարդապետների, կրոնավորների և կրոնավորուհիների հետ։
Հետմիջօրեին կարդինալ Պարոլինը, Ամենայն Հայոց Կաթողիկոս և Գերագույն պատրիարք Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ին քաղաքավարական այցի նպատակով մեկնեց Էջմիածին։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն՝ Գերաշնորհ Տ. Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն՝ Հոգեշնորհ Տեր Շահե Ծայրագույն Վարդապետ Անանյանը։ Պետքարտուղարը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ին փոխանցեց Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի ջերմ ողջույնները, որին Կաթողիկոսն արձագանքեց հարգանքի և երախտագիտության արտահայտություններով։ Մտերիմ զրույցի ընթացքում շոշափվեցին Կաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցիների երկխոսությանն ու համագործակցությանը վերաբերող տարբեր տեսանկյուններ՝ գոհունակությամբ արձանագրելով առկա եղբայրական հարաբերությունները։ Խոսեցին նաև տարածաշրջանային հակամարտությունների և հայ մշակութային ժառանգության մասին։
Նույն օրը երեկոյան Նորին վսեմություն կարդինալ Պարոլինն ավարտեց երկրում այցը՝ վերադառնալով Հռոմ։