- 12 Նոյեմբերի 2021
- admin
- 0 Comments
- Senza categoria
Սուրբ Աթոռը և Հայաստանի Հանրապետությունը
Երևանում Առաքելական Նվիրակությունը (Սուրբ Աթոռի Դեսպանություն) Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համերաշխության նշանն է Հայ Ազգի հետ: Նույնիսկ նախքան 1991 թվականին Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետություն միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատվելը, 20-րդ դարի համաշխարհային իրադարձությունները ավելի մտերմացրեցին Սուրբ Աթոռն ու Հայաստանը։
Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-րդը (1854-1922) այն մարդկանցից է, ով Հայաստանի կողմից մեծ պատվի է արժանացել հանուն հայերի կատարած իր դիվանագիտական գործունեության և կոչերի համար: 1946թ․-ին Պիոս XII Պապը Հավատքի Տարածման Միաբանության Կարդինալի և Պրեֆեկտի տիտղոս շնորհեց Աստծո Ծառա Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաջանյանին (1895-1971): Պիոս XII-ը նրան վստահեց «հովվական» գործառույթ՝ ներկայացնել Սուրբ Աթոռը միջազգային լայն հարթակներում։
1992 թվականի հոկտեմբերին, խորհրդային ճնշող ռեժիմի անկումից հետո, Արևելյան Եկեղեցիների Միաբանության պրեֆեկտը՝ Կարդինալ Աքիլե Սիլվեստրինին, կարողացավ այցելել Հայաստան և անմիջական կապեր հաստատել: Իսկ 20 տարի առաջ, 2001 թվականի սեպտեմբերի 25-ին, Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը ինքը այցելեց Հայաստան: Ավելի ուշ, 2015թ․-ի ապրիլին, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Սուրբ Պետրոսի տաճարում, Սուրբ Պատարագ մատուցեց հայ հավատացյալների համար, որին մասնակցում էին քաղաքացիական և կրոնական բարձրագույն պաշտոնյաներ: 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հռչակեց հայ գրող և վանական Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ»: 2016 թվականի հունիսի 24 -ին Հայաստանն ընդունեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, ով այցելեց Երևանը, Էջմիածինն ու Գյումրին: Տարիների ընթացքում Հռոմի Կաթողիկէ Եկեղեցուց Հայաստան են այցելել տարբեր բարձրաստիճան հոգևորականներ:
Հայկական կողմից, երկրի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները՝ ներառյալ նախագահները և արտաքին գործերի նախարարները, տարբեր առիթներով այցելել են Վատիկան։ Հայաստանի հոգևոր առաջնորդները նույնպես կարևոր այցեր են կատարել Վատիկան։ Հատկանշական են, տարիների ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․-ի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այցելությունները Հռոմի Պապեր Հովհաննես Պողոս Երկրորդին, Բենեդիկտոս XVI-ին և Ֆրանցիսկոսին։
Սուրբ Աթոռը Հարավային Կովկասում երկխոսության և խաղաղության հաստատման անդադար կոչ է անում։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը առաջինն էր համաշխարհային առաջնորդներից, ով 2020թ․-ի Հուլիսին կոչ արեց Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատել և մինչ օրս էլ շարունակում է այս հստակ կոչը՝ օգտագործելով Սուրբ Աթոռի դիվանագիտական կապերը տարածաշրջանում երկխոսությանը և երկարատև փոխըմբռնմանը ի նպաստ։
Երևանում նորաբաց Առաքելական Նվիրակությունը կարևոր ազդակ է Հայաստանի և միջազգային հանրության համար։ Երևանում Սուրբ Աթոռի դիվանագիտական առաքելության բացումը ինքնին արդեն խոսք է օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, մարդասիրական գործակալություններին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են տարածաշրջանում երկխոսության և խաղաղության հաստատման գործում։