- 18 Հոկտեմբերի 2021
- admin
- 0 Comments
- Senza categoria
Սուրբ Աթոռի համաշխարհային դիվանագիտական հարաբերությունները
Սուրբ Աթոռը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ ունի 185 պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության [1]: Չնայած նրան որ Վատիկանը Սուրբ Աթոռի մաս է կազմում, սակայն Սուրբ Աթոռը նույնը չէ, ինչ Վատիկան քաղաք-պետությունը: Սուրբ Աթոռը կաթողիկէ եկեղեցու համընդհանուր կառավարությունն է, որը գտնվում է Վատիկան քաղաք-պետությունում՝ 0.44 քառակուսի կիլոմետր ինքնիշխան, անկախ տարածք: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ղեկավարում է ինչպես Վատիկան քաղաք-պետությունը, այնպես էլ Սուրբ Աթոռը: Սուրբ Աթոռը խոսում և գործում է համայն կաթողիկէ եկեղեցու անունից։ Միջազգային իրավունքում Սուրբ Աթոռը ճանաչված է որպես ինքնիշխան իրավաբանական անձ: Սուրբ Աթոռը գոյություն ունի վաղ քրիստոնեկան ժամանակներից ի վեր։ Ամբողջ աշխարհից դեսպանները պաշտոնապես հավատարմագրված են Սուրբ Աթոռում, այլ ոչ թե Վատիկան քաղաք-պետությունում:
Պապական ներկայացուցիչները կամ Առաքելական Նվիրակները (դեսպանները) պաշտոնապես հավատարմագրված են պետություններում և միջազգային կազմակերպություններում: Առաքելական Նվիրակները ճանաչվում են որպես Սուրբ Աթոռի ներկայացուցիչներ:
Որպես ինքնիշխան մարմին, Սուրբ Աթոռը գործում է համաշխարհային հարթակում, և Հռոմի Ֆրանցիսկոս Պապը աշխարհի ամենանշանակալի բարոյական ձայներից է:
Սուրբ Աթոռը ներկայացնում է կաթողիկէ եկեղեցին, որը համաշխարհային կրոնական հաստատություն է՝ 1,4 միլիարդից ավելի հավատացյալներով (աշխարհի բնակչության ավելի քան 17,5%-ը), որը իր 500,000 քահանաների, 800,000 քույրերի/միանձնուհիների և 219,655 ծուխերի միջոցով ծառայում է մոլորակի գրեթե ամեն մի անկյունում [2]: Սուրբ Աթոռը արտոնյալ զրուցակցի կարգավիճակ ունի մյուս երկու աբրահամյան կրոնների հետ՝ իսլամի և հուդայականության:
Սուրբ Ֆրանցիսկոս Պապի ներդրումը միջազգային խնդիրներում կարևոր է բոլոր ազգերի համար: Սուրբ Աթոռը աշխարհի ամենահին, ամենամեծ և իրապես համաշխարհային հաստատություններից մեկն է:
Սուրբ Աթոռը հավատարմագրված դեսպանությունների համար արժեքավոր միմյանց լսելու վայր է: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հաճախ է անդրադառնում այն բազմաթիվ ոլորտներին, որոնց համար Սուրբ Աթոռը և պետությունների միջազգային հանրությունը միասին աշխատում են. խաղաղություն, մարդկային արժանապատվություն, սոցիալական արդարություն, ժողովրդավարություն, շրջակա միջավայր և այլն։
Վերջին տարիների ընթացքում Սուրբ Աթոռը նպաստել է մի շարք միջազգային խնդիրների լուծման գործընթացներին։ Օրինակ՝ Բիգլի հակամարտության ժամանակ Չիլիի և Արգենտինայի միջև խաղաղության հաստատման գործընթացին, Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության հաստատելու գործընթացին, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում երկաթյա վարագույրի քանդվելուց հետո անցումային շրջանի գործնթացներին, և այլն:
Ժամանակակից աշխարհի պետական բարձրաստիճան անձը՝ Թագուհի Ելիզաբեթը ասել է. «Մենք խորապես գնահատում ենք Սուրբ Աթոռի ներգրավվածությունը… Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տոտալիտար ռեժիմների անկման գործընթացում, ինչը հարյուր միլիոնավոր մարդկանց ավելի ազատություն տվեց: Սուրբ Աթոռը շարունակում է կարևոր դեր խաղալ միջազգային այնպիսի հարցերում ինչպիսիք են՝ խաղաղության հաստատման և զարգացման գործընթացներին աջակցությունը, և աղքատությանն ու կլիմայի փոփոխությանը վերաբերվող ընդհանուր խնդիրների լուծումը»[3]
Հռոմի Պապերը դարերի ընթացքում, ներառյալ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, համաշխարհային առաջատար գործիչ են եղել` մարդկային արժանապատվությունը և համերաշխությունը պաշտպանելու գործում, հատկապես երբ հարցը վերաբերվում է աղքատներին և հասարակությունից արտաքսվածներին: Նա կոչ է արել մարդու վիճակը բարելավելու համար «նոր մոտեցումներ» կիրառել այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են՝ կրոնի ազատությունը, կյանքի որակը, աշխատատեղերի ստեղծումը, կրթությունը, աջակցությունը ընտանիքներին, փախստականներին ու միգրանտներին, և հատկապես հալածյալներին: Նա նաև կոչ է արել բարելավել հիմնական առողջապահությունը, նպաստել աղքատության հաղթահարմանը, հոգ տանել շրջակա միջավայրի մասին և զինաթափվել [4]:
Սուրբ Աթոռի դիվանագիտությունը ձայն է տալիս նրանց, ովքեր ձայնազուրկ են, և ավելի ծանրակշիռ է դարձնում բարոյական արժեքները Ազգերի միջազգային օրակարգերում:
Նշումներ.
[1] Annuario Pontificio 2020, Վատիկան 2020, էջ 1266-1319
[2] Statistiche Santa Sede, 2020, Վատիկան
[3] Նորին Մեծություն Թագուհու խոսքը ուղղված Հռոմի Պապին, Էդինբուրգ, 16 սեպտեմբերի 2010թ.
[4] Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Շրջաբերականը «Fratelli tutti», Վատիկան, 2020 թվականի հոկտեմբեր: